Դաս 1. Ինչ է տեղեկատվությունը
Ամեն օր մենք իմանում ենք նոր բան, որը մինչ այդ չգիտեինք,
այսինքն ստանում ենք նոր տեղեկատվությունը:
Տեղեկատվությունը
այն գիտելիքներն են, որոնք
ստանում ենք գրքերից, հեռուստատեսությունից, ռադիոյից, մարդկանցից, ում հետ շփվում
ենք: Մեզանից յուրաքանչյուրը ամեն օր ստանում է բազմաթիվ տեղեկատվություն: Շրջապատող
աշխարհի մասին սկզբնական տեղեկատվություն մարդիկ և կենդանիները ստանում են իրենց տեսողության,
լսողության, ճաշակելիքի, հոտոտելիքի, շոշափելիքի
զգայարաններով, ինչպես նաև ջերմազգացողության և շարժազգացողության միջոցով: Մեզ շրջապատող
աշխարհի մասին ամենաշատ տեղեկատվությունը մենք ստանում ենք տեսողությամբ, քանի որ աչքերով
ենք ընկալում տառերը, թվերը, նկարները, տարբերում առարկաների գույները, արտաքին ձևը,
չափերը: Սակայն միշտ չէ, որ կարող ենք լիովին վստահել մեր զգայարաններին, դրա համար
էլ օգտագործվում են գործիքներ՝ քանոն, ջերմաչափ, անկյունաչափ, կշեռք, հեռադիտակ, մանրադիտակ
և այլն: Ստացված տեղեկատվությունը մարդը կարող է պահել իր հիշողությունում, գրի առնել,
ներկայացնել նկարների, ձայնային ազդանշանների տեսքով կամ որևէ այլ կերպ: Մարդիկ կշռադատում
են ստացած տեղեկատվությունը, այնուհետև կատարում որոշակի եզրահանգումներ, այլ կերպ
ասած մշակում են ստացված տեղեկատվությունը: Շատ վաղուց մարդիկ ձգտել են հեշտացնել իրենց
աշխատանքը ստեղծելով վերամբարձ կռունկ, ինքնաթիռ, մեքենաներ, սարքեր ու սարքավորումներ:
Դրանց միջոցով մեծացրեց իր ֆիզիկական հնարավորությունները: Իսկ ահա 20-րդ դարում ստեղծեց
համակարգիչը: Համակարգիչը հեշտացրեց մարդու մտավոր աշխատանքը, մեծացրեց մարդու մտավոր
հնարավորությունները և օգնեց տիրապետելու հսկայածավալ տեղեկատվության: Համակարգիչը
գործ ունի տվյալների հետ: Տվյալները այն տեղեկատվությունն
են, որոնք հարմար ձևով ներկայացված են համակարգչով մշակելու, պահպանելու և փոխանցելու
համար: Դրանք կարող են լինել թվերի և տառերի, ինչպես նաև նկարների և ձայնային ազդանշանների
տեսքով: Համակարգիչը կարող է շատ կարճ ժամանակամիջոցում մշակել մեծ քանակությամբ տվյալներ:
Համակարգիչը տվյալները մշակում է մարդու կողմից նախապես իրեն տրված հրահանգների համաձայն:
Այսինքն՝ համակարգիչը մշակում է մարդուն անհրաժեշտ որոշակի տեղեկատվություն: Այդ իմաստով
համակարգչի աշխատանքը նման է մարդու ուղեղի աշխատանքին:
|